Երկու օրից Երևանը ավագանի է ընտրելու՝ ընտրական ցիկլը փակվում է 5 տարով: Մայիսի 14-ին ՀՀԿ-ն կամ կամրապնդի ԱԺ ընտրության հաջողությունը, կամ Երևանում սենսացիա կլինի՝ մայրաքաղաքը կունենա ընդդիմադիր քաղաքապետ: 2018-ի նախագահի ընտրությունն այլևս ակումբային մակարդակով է լինելու՝ ԱԺ-ն կառաջադրի ու կընտրի ՀՀ նախագահ՝ պետական-արարողակարգային իրավասություններով: Անգամ այդ պայմաններով Բաղրամյան 26 մտնելն աստղային պահ է ու անձնական կարիերայի էպիկենտրոն՝ մեկ տասնյակ քաղաքական գործիչների ու գործիքների համար:
Մայիսի 14-ի ընտրություններից հետո է ՀՀԿ-ն քննարկելու ԱԺ պաշտոնների հարցը, թեպետ վաղուց որոշված է, բայց պետք է ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կհնչեն ԱԺ նախագահի ու փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները:
ԱԺ առաջին նիստը մայիսի 18-ին է: Նկատե՞լ եք, որ համարյա կես տարի խորհրդարանը չի գործում, ու կյանքը կանգ չի առել, կառավարությունը անգործության չի մատնվել, քաղաքականությունը չի վախճանվել, ոչ էլ հարություն է առել: Դատելով հետընտրական սկանդալներից՝ Բաղրամյան 19-ում հետաքրքիր է լինելու միայն առաջին տարին՝ 2018-ի ապրիլից հետո ԱԺ-ն կորցնելու է արդիականությունը: Բովանդակային, անգամ՝ ձևական: Իսկ մինչև մայիսի 18-ը սկանդալները խոստանում են շարունակվել: Փոփոխական հետաքրքրություն հարուցելով: Փաստորեն՝ Գագիկ Ծառուկյանը չգնահատեց ԿԸՀ-ի անկախ սխրանքը՝ մանդատներ հանձնել ինքնաբացարկից հրաժարված պատգամավորներին: Գագիկ Ծառուկյանը որոշել է պահել իր «վոժդի» պատիվը՝ պարբերաբար մամուլում հայտնվում են մեղայական հարցազրույցներ, որոնցից պարզվում է, որ մի քանի օր առաջ վիրավորված արդարություն որոնողները գտել են արդարությունը Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ, որտեղ պատրաստ են դնել ժողովրդից ստացած մանդատը:
Քաղաքական կռապաշտությունը բոլորի աչքի առաջ է, ոչ ոք չի հիշում ու չի հիշեցնում քրիստոնյա լինելը: Նույնիսկ սկանդալի մեղավորներն են որոշվել՝ տեխնիկան ու «տեխնիկական աշխատողները»: Տեխնիկան՝ հեռախոսի տեսքով, որ չգիտես ինչու անջատված է եղել, թեպետ զանգի սպասող մարդու համար անտրամաբանական է: «Տեխնիկական աշխատողները», որ չեն զգուշացրել ինքնաբացարկի դիմումները ԿԸՀ տանելու մասին: Բոլորը խոսում են դիմումներից՝ եղել են, չեն եղել, պատրաստ են ձեռագրաբանական փորձաքննության հանձնել, դատի տալ ու չգիտես ինչ, բայց ոչ ոք չի հարցնում՝ որքանո՞վ է իրավական ընդհանրապես նման դիմում գրելը, ինչո՞ւ է ընտրությունից ընտրություն կրկնվում: Ի՞նչ կարգավիճակ ունի կուսակցապետը, որ որոշի՝ ո՞վ է մանդատ ստանում, ով՝ ոչ, եթե հարցերը Ընտրական օրենսգրքով կարգավորված են: Պետք չէ քաղաքականության վրա բարդել մեղքը: Քաղաքականություն չէ այն գործընթացը, որի անունից կուլիսներում, կամ ավելի ճիշտ՝ անհայտ է որտեղ ու անհայտ է ովքեր՝ ինչ-որ հարցեր են լուծում:
Օրենքը օրենք է, չի կարող պայմանավորվածությամբ փոխարինվել: Նույնիսկ՝ փոխադարձ համաձայնությամբ, որի «փոխադարձության» հիմքերն ու հետևանքները պտտվում են փողի ու իշխանության շուրջբոլորը: Անհեթեթ է, երբ այս հիմքը շրջանցելով՝ սկսում են բարոյախրատական դատողություններ անել՝ ով ում խոսքից դուրս եկավ, ով ում խաբեց, ով ում ինչ է պարտական: Վայր կդնեն մանդատը, թե Գագիկ Ծառուկյանին հետագա հնազանդություն ու հպատակություն երդվելով՝ մանդատը կպահեն ութ պատգամավորները, դառնում է զրոյական՝ խորհրդարանում այդ մանդատակիրների օգտակարության տեսակետից, եթե օրակարգից հանենք քվեարկության պահը: Գիտակցական ու բարոյական չափանիշներ, քաղաքական ու պետական մտածողության նշույլներ ունեցող որևէ մեկը իրեն թույլ չէր տա հայտնվել նման պատմության մեջ՝ ոչ պատվեր կկատարեր, ոչ առաջին ու երկրորդ պատվիրատուից կհրաժարվեր: Դեռ աշխատանքը չսկսած՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը սկսում է նմանվել նախորդներին՝ հավերժ լռող «անշարժ գույքով» և «շարժական գույքի» պատվիրված հանձնառություններով:
Ո՞Ւր մնաց օրենսդրական գործունեությունը, ո՞ւր մնացին Ազգային ժողովի ներկայացուցչական մարմին լինելն ու առավել ևս՝ քաղաքական որոշումներ ընդունելու հավակնությունները: Փաստացի՝ կիսանախագահականից խորհրդարանական կառավարմանն անցումը ոչ թե ժողովրդավարության նոր աստիճան է, այլ ձևական փոփոխություն՝ առաջ որոշումներն ընդունվում էին Բաղրամյան 26-ում, հետո թելադրվելու են Հանրապետության հրապարակից, նախագահը փոխարինվելու է վարչապետով: Վերջ: Անձնական նվիրվածության ու քաղաքական ծրագրի միջև տարբերություն չկա: Ամբողջ խնդիրը յուրայիններին յուրայինների դեմ հանելն է՝ արբիտր մնալու ու բոլորին իրենց տեղը ցույց տալու համար: Իսկ եթե կգտնվեն Տիգրան Թորոսյաններ, որ պարտադրված հրաժարականի հետ (նրա դեպքում` ԱԺ նախագահի պաշտոնից) կհեռանան կուսակցությունից, ոչ ոք ոչինչ չի անի՝ քանի՞սն են նրան հիշում իբրև քաղաքական ու կուսակցական գործիչ:
ՀՀԿ առաջին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի կուստոմսը վայր դնելն այլ ժանրից էր՝ քանի կա նրա ֆինանսական կայսրությունը, նա ինքն իրեն իրավունք կտա հայտարարել, որ չի հեռացել քաղաքականությունից, որ վերադառնա: Չի բացառվում, որ նա նույնիսկ ճիշտ է՝ պարզապես «քաղաքականության» ընկալման տարբերություններ կան: Եվ՝ խնդիրների: Իսկ նպատակը մնում է անփոփոխ՝ իշխանություն, ինչքան շատ, այնքան՝ լավ, ինչքան երկար, այնքան ավելի լավ: Տաղտկալի, ձանձրալի պատմություն կլիներ, եթե մթնոլորտը չաղավաղեր: Ի վերջո՝ ով որքան ուզում է, կարող է ինքնամաքրվել, եթե ուրիշներին աղտոտելով չի անում: Քաղաքական ինքնապահպանությունն ու քաղաքական բնապահպանությունը պետք է տարբերել՝ մաքուր մարդ չի լինելու, քանի մաքուր օդ չկա: Իսկ դա դիմում գրել-չգրելով, հրաժարվել-չհրաժարվելով չի լինում: Ո՞րերորդ գումարման խորհրդարանի ընտրության ժամանակ կգիտակցվի, որ Ազգային ժողովը աշխատանք է՝ մասնագիտական կարողություններ, ոչ միայն մայրենիի, օտար լեզվի իմացություն պահանջող, հռետորական ձիրք ունեցող մարդկանց համար, բացի՝ նրանց քաղաքական նպատակահարմարությունը, «ճիշտ» քվեարկելու ունակությունը ու ինքնամոռաց հավատարմությունը: Էլիտայի փոփոխությունը դա է, ոչ թե 50-ից մեծերին 40-ից փոքրերով փոխարինելը: Տարիքը կապ չունի, 20 տարեկանում էլ կարող ես սրիկա լինել, 60-ում էլ՝ սկզբունքային: Չի կարելի նույնացնել պետությունն ու իշխանությունը: Դա ճակատագրական սխալ է, որ փլուզել է պատմությանը հայտնի բոլոր կայսրություններն ու անհայտ պետությունները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սենսացիոն հայտարարություն է արել ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում, ասել է, որ իր «հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար և ինտելեկտուալ Հայաստան»։ Նրա խոսքը համոզիչ ու անխոցելի կլիներ, եթե գոնե մեկ պետության օրինակ բերեր, որ այդ հիմնական խնդիրը լուծել է: Առավել ևս՝ պատկերացնո՞ւմ եք ինչ անլուծելի խնդիր է ինքն իրենց առաջադրել Կարեն Կարապետյանը՝ լինելով Հայաստանի վարչապետ: Անվտանգ ու անկախ լինելու համար նվազագույնը գերտերության վարչապետ պետք է լինես: Անկախ ու արդար լինելու համար պիտի փոխես ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհաքաղաքականության պատկերը: Միակ հասանելին թվում է ինտելեկտուալը, եթե այնքան արդարություն ու այնքան անկախություն ունենաս քո աշխատանքում, որ հանդգնես քեզ շրջապատել ինտելեկտուալներով, որ գիտեն «ոչ» ասել, որ կարող են քեզնից խելոք լինել ու քայլ առաջ ոչ միայն տեսնել, այլև անել: Մի քանի ամիս առաջ Կարեն Կարապետյանը ակնկալում էր Հայաստանում տեսնել «ինտելեկտուալ ընդդիմություն», հայտնի չէ՝ հույսը կտրե՞լ է ընդդիմության ինտելեկտից, թե դեռ իր համար չի պարզել ընդդիմության ու իշխանության իրական հատվածներին: Հայտնի է, որ Կարեն Կարապետյանը իր քայլն արեց, նա հրապարակավ հայտարարեց, որ պատրաստ է 2018-ից հետո վարչապետ լինել, մինչ այդ ասելով, որ Սերժ Սարգսյանի՝ ապագայում վարչապետ դառնալու քայլեր չի տեսնում։ Անկե՞ղծ է վարչապետը: Այո և ոչ: Անկեղծ է, որ ցանկանում է վարչապետ մնալ, բայց հազիվ թե պատրաստ է: Անկեղծ չէ, որ նախագահի՝ վարչապետ դառնալու քայլեր չի տեսնում, չի կարող չտեսնել, եթե գիտակցաբար աչքերը չի փակում: Ինչո՞ւ վարչապետը դեռ պատրաստ չէ 2018-ից հետո վարչապետ մնալ: Հենարան չունի: ՀՀԿ առաջին փոխնախագահ լինելը ոչինչ չի նշանակում, ՀՀԿ-ում դիմում գրածները չեն կարող ՀՀԿ նախագահի խոսքից անպատիժ դուրս գալ: Ծառուկյանի «ըմբոստների» պատմությունը հենց դա էր հաստատում:
Չկա անվտանգի, անկախի, արդարի, ինտելեկտուալի տարբերակ: Կարեն Կարապետյանը չի կարող վստահ լինել, որ իշխանության դեմ իր հետ կլինի ժողովուրդը: Նա արդեն նոր վարչապետ չէ՝ ժամանակը մաշում է նորության ռեսուրսը: Եվ՝ արդեն համակարգի մաս է ու չի կարող համակարգի դեմ դուրս գալ: Փոխարենը չկա նոր խաղաքարտ նրա ձեռքում՝ կենսամակարդակի հարցում՝ հաստատ: Ժողովրդին իր վիճակի փոփոխություն է պետք՝ աշխատանքի ու աշխատանքի վարձատրության տեսքով: Իսկ նա դեռ կարծում է, որ «պետք է տնտեսական աճը հասնի մի կրիտիկական որակի, քանակի, որպեսզի որակական փոփոխություն տա»: Որակ, քանակ, փոփոխություն՝ իսկ ունի՞ Կարեն Կարապետյանը այդքան կրիտիկական ժամանակ: Սա՝ մեկ, և երկրորդ՝ որքա՞ն կարող է նա դեռ մնալ անվտանգ՝ անհաղորդ ընթացիկ անցուդարձին՝ խուսափողական պատասխաններ տալով տնօրենների ու ՍԱՍ-ի, ադրբեջանական խնձորի սկանդալներին՝ հնարավորինս իրեն պարփակելով տնտեսական պատյանի մեջ ու քաղաքականությունը թողնելով ՀՀԿ-ին: Միայն հայտարարել, որ պատրաստ է վարչապետ լինել և թվեր ու խոստումներ հիշեցնելը, բավարար չէ՝ վարչապետը եղել ու մնում է քաղաքական պաշտոն, առավել ևս՝ խորհրդարանական կառավարման մոդելով: Հարցին իրատեսորեն վերաբերվելը, նույնիսկ եթե երբեք չես երազել վարչապետ լինել, չես ձգտել գործադիր իշխանության, իր պարտադիր քայլերն ունի: Որևէ եվրոպական երկրում հրաշալի ու տեղին կհնչեր. «Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձևակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն», եվրասիական տարածքում չափանիշներն ուրիշ են՝ իշխանության ձգտումը ու փոփոխության ցանկությունը երբեմն միայն զուգահեռներ են, եթե ոչ հակադիր հարթություններ: Ապացույց և ապացույցներ տվել են ՀՀ երեք նախագահները միասին ու առանձին-առանձին: 3,2 միլիարդ դոլարի ներդրումը, 2017-ին՝ 830-840 միլիոն դոլարի նախագծերի իրականացումը քիչ է վարչապետ դառնալու համար: Ռուսաստանն էլ փողը կտա՞, չի՞ տա: Անվտանգ, անկախ, արդար, ինտելեկտուալ ու ԵԱՏՄ-ի հե՞տ: Հետո ի՞նչ հարցազրույցը ավստրիացիներին էր, ռուսներն էլ են լսում: Սերժ Սարգսյանն էլ: Իսկ նրանք այդ քառանկյունում միայն իրենց են տեր տեսնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մայիսի 14-ին կգնաք ու կընտրեք Երևանի ավագանի, Զարուհին Կարս ու Անի կտանի, Տարոնը կանխիկ, Նիկոլն՝ ապառիկ կտա փողը, մնացածը կմնա նույնը: Որովհետև քաղաքապետը՝ քաղաքապետ, բայց քաղաքը մարդիկ են: Դուք ունեցել եք Ալեքսանդր Թամանյան, որ ձեզ համար մայրաքաղաք է կառուցել՝ սքանչելի ու հայ, իսկ հիմա գնացեք Հանրապետության հրապարակ ու նայեք նրա կառուցած շենքերին: Խեղդված ու չերևացող՝ հարակից շինությունների անկանոն բարձրությունից: Հրապարակ, որ հետագայի շինարարների ձեռքով կորցրել է ճարտարապետական հեռանկարը: Համեմատության համար՝ 16-րդ դարում Միքելանջելո Բուոնարոտին Հռոմում կառուցեց Սուրբ Պետրոսի տաճարը, որի գմբեթը ամենաբարձր շինությունն էր Հռոմում: Հուլիոս Երկրորդ պապի կարգադրությամբ արգելվեց շրջակայքում գմբեթից բարձր որևէ շինություն, որ տաճարը մնա ՏԱՃԱՐ, որից բարձր ոչինչ լինել չի կարող: Կրկնեմ՝ 16-րդ դարում, ու մինչև այսօր: Մնացածը դուք մտածեք: Երևանը Հռոմից, ասում են, հին է: Հռոմը ցույց է տալիս, Երևանը՝ պատմում, ու՝ բոլոր ճանապարհները Հռոմ են տանում, բայց Երևան չեն բերում: Ձեզ ճարտարապե՞տ, թե՞ շինարար է պետք: